28/07/2010 10:09
ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի խոշորագույն գործատուների ցանկը
ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկը:
Համաձայն այս ցանկի՝ Հայաստանում ամենամեծ՝ 7617 աշխատատեղերն ապահովում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Ուղիղ 1600-ով պակաս՝ 6017 աշխատողներով «Հայռուսգազարդը» երկրորդն է։ Ամենախոշոր գործատուների եռյակը եզրափակում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր 4411 աշխատողներով։
«Արմենտելը», «ՀայՓոստը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Նաիրիտ գործարանը» ցանկում զբաղեցնում են 4-7–րդ տեղերը ՝ համապատասխանաբար 3227, 3168, 3087, 3074 և աշխատողներով։ Ցուցակի 8–րդ հորիզոնականից սկսած աշխատակիցների թիվը կտրուկ կրճատվում է: 8-րդ տեղում գտնվող Ղ-Տելեկոմը ունի 1852 աշխատակից։ Ցուցակում մինչև 21-րդ հորիզոնականը զբաղեցնող գործատուների աշխատողների քանակը 1000 և ավելի է։
Հիշյալ 21 ընկերությունների մեջ գերակշռող են հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները («Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Հայռուսգազարդը», «Հարավկովկասյան երկաթուղին», «Հայփոստը», «ՀԱԷԿ»-ը, «Հայջրմուղկոյուղին», «Երևան Ջուրը», «Երևանի մետրոպոլիտենը», «Արմենիա միջազգային օդանավակայանները»), այդ թվում նաև կապի երկու օպերատորները («Արմենտելն» ու «Ղ-Տելեկոմը»), ինչպես նաև երկու հանքարդյունաբերական («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի») և մեկ քիմիական («Նաիրիտ») հսկաներ։ Բացի վերը նշվածներից, այս ցանկում տեղ են գտել երեք բժշկակական կենտրոններ («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Էրեբունի բժշկական կենտրոնը» և «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնը»)։
Ցուցակում ներկայացված 346 ընկերություններ ունեն 100-500 աշխատող, 38-ը՝ 501–983, իսկ ընդհանուր առմամբ բոլոր 405 ընկերությունները միասին ապահովում են 146 673 աշխատատեղեր։