28/07/2010 15:39
«ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի բանակցային գործընթացը»
Այսօր Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արևիկ Պետրոսյանը և Սամվել Նիկոյանը ընդունել են ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:
ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարևորել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձևաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին: