29/07/2010 15:36
Հայաստանը համաձայնվել է նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկությանը
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել նաև ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագիր – մաս 2) ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009 թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11 միլիոն եվրո է։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչև դրա փակումը։ Բացի այդ, կմշակվի միջուկային թափոնների կառավարման ռազմավարություն, ինչը նախատեսված է նաև ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 6-ի կարգադրությամբ հաստատված ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկով։