30/07/2010 11:39
Նախագահ Սահակավիլիի հաջորդ փուլը` վարչապետ
Վրաստանի Սահմանադրության նոր նախագիծն միտված է «երկարացնել» Միխեիլ Սահակաշվիլիի իշխանությունը` 2013 թվականին նախագահի պաշտոնում նրա լիազորությունների ավարտվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, երեկ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովդրական շարժում-միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
Սահմանադրության նոր տարբերակով նախատեսվում է երկրի նախագահի լիազորությունների կրճատում և դրանց վերաբաշխում խորհրդարանի և վարչապետի միջև: Խորհրդարանական հանրապետության խառը տեսակի այդ նախագիծն անցած շաբաթ ընդունվել էր պետական սահմանադրական կոմիտեի կողմից:
«Ես համոզված եմ, որ Վրաստանի Սահմանադրության նոր տարբերակը միանշանակ կապված է նախագահ Սահակաշվիլու փորձի հետ պահպանել իշխանությունը և ղեկավարել երկիրը` վարչապետի կարգավիճակում»,-ասել է Բուրջանաձեն կուսակցության խորհրդի նիստին:
Նրա խոսքերով` Սահմանադրության նոր նախագիծը չի ուժեղացնում խորհրդարանի դերն ու գործառույթները, այլ մեծացնում է միայն վարչապետի դերակատարությունը` դժվարացնելով նրա հեռացման կամ անվստահություն հայտնելու մեխանիզմները: Նա նաև նշել է, որ այդ նախագծով չեն արտահայտված տեղական ինքնակառավարման մարմինների ճիշտ գործունեության երաշխիքները:
Նշենք, որ հուլիսի 21-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է որոշում` ստեղծել աշխատանքային կոմիտե, որը զբաղվելու է Սահմանադրության փոփոխության վերաբերյալ համաժողովրդական քննարկումների կազմակերպմամբ: Աշխատանքային խումբը ղեկավարում է խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն: