02/08/2010 14:06
Հոգեբանն ու սոցիոլոգը` ինքնասպանությունների մասին
2010-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 371 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել է 25,8 տոկոսով:
«Այս թիվը բավականին խոսուն թիվ է, որի հետևում թաքնված են մարդկային ճակատագրեր: Հայաստանում ինքնասպանությունները ծերանում են, այսինքն` 46 տոկոսից ավելին ինքնասպանության են դիմում գործազուրկները և կենսաթոշակառուները»,- ասուլիսում իր մտահոգությունը հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը և ավելացրեց, որ ամբողջ աշխարհում ինքնասպանության են դիմում հիմնականում 18-25 տարեկանները:
Ըստ հետազոտությունների` մարդկանց մոտ 80 տոկոսը իր կյանքի տարբեր փուլերում ինքնասպանության մասին մտքեր է ունենում, սակայն քչերն են, որ «համարձակվում են» դրան դիմել:
Նալչաջյանը նկատեց, թե արևմտյան երկրներում, որտեղ հասարակության շփումը քիչ է կամ շփման մշակույթ չկա, ինքնասպանություններն ավելի տարածում ունեն: «Հոգեկան տկարությունները, հոգեպես հիվանդ լինելը բոլորովին պարտադիր չեն, որ հիմք հանդիսանան ինքնասպանության համար: Ինքնասպանների միայն 25 տոկոսն է, որ նման քայլի է դիմում հոգեկան անառողջ վիճակում»,- նշեց հոգեբանը:
Սոցիոլոգ Հայկ Սահակյանն իր հերթին ասաց, որ մեկ տարին քիչ է, որպեսզի արձանագրել` ինքնասապանության դինամիկա կա, թե ոչ:
«Որքան մարդու ինտեգրվածությունը հասարկությունում մեծ է, այնքան քիչ է ինքնասպանության հավանականությունը»,- արդեն հնչած միտքը մի փոքր այլև ձևակերպեց սոցիոլոգը: