04/08/2010 15:51
Երկու հայ. թուրք հասարակությունը անակնկալի է եկել
Թուրքական մամուլը վերջին շրջանում հեղեղված է ամերիկահայերի` Թուրքիայի Կառավարության դեմ ներկայացված դատական հայցի մասին քննարկումներով: Թուրքական առաջատար թերթերը մասնավորապես շեշտադրում են այն հանգամանքը, որ սա առաջին հայցն է` ուղղված Թուրքիա պետությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի երկու հայազգի քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության և երկու խոշոր թուրքական բանկերի` Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի դեմ: Ցեղասպանության զոհերի ժառանգները` որպես փոխհատուցում պահանջում են մի քանի միլիարդ դոլար` իրենց անշարժ գույքի և ունեցվածքի դիմաց, որոնք կորցրել են 20-րդ դարի սկզբին:
«Սաբահ» թերթը, օրինակ, գրում է, որ հայկական սփյուռքը, որ միշտ հանդես է եկել նյութական պահանջատիրությամբ, այժմ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում: «Միլիյեթ»-ը այս դատական հայցը կապում է անցած տարի Կալիֆորնիայի դաշնային դատարանի վճռի հետ (ըստ այդ վճռի, դատարանը մերժեց 1915 թվականի դեպքերը` որպես Ցեղասպանություն որակելու հայցը,- Aysor) և ակնարկում են, թե այս հայցն էլ նույն ճակատագրին է արժանանալու:
«Զաման»-ի տեղեկացմամբ` թուրք փորձագետները դատական հայցը դիտարկում են քաղաքական տեսանկյունից` նշելով, որ անկախ նրանից, ամերիկահայերը կշահեն այն, թե` ոչ, այս ամենն արվում է Ցեղասպանության հարցն օրակարգում պահելու համար: Թերթը նաև գրում է, որ «ամերիկահայերի հայցը կարող է բացասաբար ազդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացի վրա»:
Բացի այս` թուրքական ԶԼՄ-ներից պարզ է դառնում, որ դատական հայցը քննարկվում է նաև քաղաքական ֆորումների ժամանակ, որոնք արտահայտում են հասարակ քաղաքացիների անհանգստությունը ևս:
Այս առիթով թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ «Թուրքիայում բավականին վախեցացած են, և թուրք շատ մեկնաբաններ հուսադրում են թուրք հասարակությանը, թե` սա միայն քաղաքական ուղղվածություն ունի, իրավական ոչ մի հիմք չունի... Միացյալ Նահանգները Թուրքիային չեն կարող դատի տալ... եթե ԱՄՆ դատարանը որևէ բան որոշի, ապա այն չի կարող թուրքական բանկերի վրա իր ազդեցությունն ունենալ, և այլն»:
Ըստ Ա. Շաքարյանի դիտարկումների` թուրքերը պատրաստ չէին և չեն ուսունասիրել այս հարցը. նրանց արձագանքից պարզ է դառնում, որ թուրքերը չեն էլ պատկերացնում, թե մի օր էլ Հայաստանը հատուցումը կարող է այս մեթոդով պահանջել, կամ ընդհանրապես` պահանջ ներկայացնել Թուրքիային:
«Այն կոնցեպցիան, թե թուրքերն ամենահզորն են, թուրքերը շատ խելացի են, թուրք դիվանագիտությունն ամեն ինչ հաշվարկում է 7-8 տարի առաջ, չի համապատասխանում իրականությանը. նրանք նոր են գիտակցում, նոր են ուսումնասիրում, և մինչև ուսումնասիրեն` առնվազն 6 ամիս կանցնի»,- նշեց թուրքագետն ու հավելեց, որ թուրքական կողմի արձագանքներն ավելի շատ պաշտպանողական են և ուղղված են թուրք հասարակությանը հանգստացնելուն: