04/08/2010 16:06
Թմրամիջոցի ապօրինի ներկրում Հայաստան` իրանցիների կողմից
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս Մեղրիի մաքսակետում բացահայտել են մաքսանենգության մի շարք դեպքեր. կանխվել է շուրջ 50 գրամ թմրամիջոցի ապօրինի ներկրումը Հայաստան:
ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է` մի դեպքում թմրանյութը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանած քաղաքացի Ալիռեզա Ալիմիռեզայի Մուհամմադի մոտ. վերջինս թմրանյութը (սև գույնի ափիոնանման զագված) թաքցրել էր տաբատի գրպանում: Իսկ մյուս դեպքում թմրամիջոցը հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Էյվազի Բուչլուի Ամիր Գալամալիի մոտ, ով փորձել էր թմրանյութը թաքցնել կոշիկի մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի երկու քաղաքացիներն էլ կալանավորված են: