05/08/2010 13:06
Թուրքիայի նախագահը չի հաստատել Գլխավոր շտաբի նոր պետին
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը որոշ վերապահումներով երեկ երեկոյան հաստատել է երկրի զինված ուժերում Բարձրագույն ռազմական խորհրդի կողմից որոշված նշանակումները: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` հակառակ սպասումների, չեն նշանակվել թուրքական բանակի Գլխավոր շտաբի նոր պետը, ինչպես նաև` ցամաքային զորքերի հրամանատարը:Նախագահ Գյուլը հրաժարվել է հաստատել Հասան Իղսըզին ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` պատճառը «Արդարություն և զարգացում» կուսակցության և բարձր զինվորականության միջև վերջերս նկատվող ծայրաստիճան լարվածություն է, որը հուլիսի 23-ին հեղաշրջման մեջ մեղադրվող 28 գեներալների կալանավորման վերաբերյալ Ստամբուլի դատարանի որոշման արդյունքն է: Ըստ դատական որոշման` կալանքի պետք է ենթարկվեն 102 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` ցամաքային զորքերի հրամանատարության թեկնածու Իղսըզը:
Մինչդեռ թոշակի գնալուն պատրաստվող Գլխավոր շտաբի գործող պետ Իլկեր Բաշբուղը հայտարարել է, որ նպատակահարմար չէ դատարան կանչել կամ ձերբակալել բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներին` մինչև դատարանը չի ապացուցել նրանց մեղքի բաժինը: Պատասխանելով գեներալ Բաշբուղին` նախագահ Գյուլը հայտարարել է, որ «սխալ կլիներ պաշտոններում բարձրացնել այն գեներալներին, որոնց վերաբերյալ կալանքի որոշում է կայացվել»:
Հիշեցնեք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ օգոստոսի 1-ին տեղի ունեցած Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ որոշվել է, որ ամսվա վերջում թոշակի գնացող Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուղին պաշտոնում կփոխարինի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Կոշաները: Երեք տարի հետո նրա պաշտոնը կստանձնի Թուրքիայի երկրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Նեջեթ Օզելը: Ցամաքային զորքերի հրամանատար կնշանակվի գեներալ Հասան Իգսըզը, որը մեկ տարի հետո ևս թոշակի կգնա: