06/08/2010 14:58
«Ինչու՞ է Հայաստան և ցորեն, և ալյուր ներկրվում»
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ցորենի արտահանման դադարեցման մասին Ռուսաստանի կառավարության երեկվա որոշման վերաբերյալ: Բանախոսը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու՞ է Հայաստան և ցորեն, և ալյուր ներկրվում, այն դեպքում, երբ երկիրն ունի ցորենի վերամշակող ձեռնարկություններ:
Ա. Պողոսյանի գնահատմամբ` երկրում այսօր վարվում է «կարկատանային տնտեսական քաղաքականություն», որի պատճառով միջազգային շուկայում հացահատիկի գնի բարձրացումը խիստ բացասական կարող է լինել: Սպառողների ասոցիացիայի նախագահին մտահոգում է նաև այն, որ Հայաստանում թերզարգացած է մնում արդյունաբերությունը, թեև հայտարարվում է այս կամ այլ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին: Բանախոսը անդրադարձավ շինարարության և ադամանդագործության բնագավառներին` արդյունքները չի կարելի դիտարկել որպես տնտեսության աճի հիմնական գործակից, քանի որ դրա հիմնական հիմքը մնում են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:
«Եթե մի երկրում արտադրություն չի ստեղծվում, ապա չկա այն հակակշիռը, որ կդիմագրավի գնաճին»,-ասաց նա, նշելով, որ ՊԵԿ հրապարակած 30 խոշոր հարկատուների ցուցակում միայն երկուսն են արտադրության ոլորտում, մյուսները` ներկրող են կամ ծառայություններ մատուցող: