06/08/2010 14:28
«Ցորեն ներկրողները ռուսների հետ կկարողանան պայմանավորվել»
Միջազգային շուկայում հացահատիկի գնի կտրուկ բարձրացման բացասական ազդեցությունը Հայաստանի վրա ավելի խորը կլինի, եթե Հայաստանի իշխանությունները համապատասխան քայլեր չձեռնարկեն գյուղատնտեսական ապրանքների շուկայի դիվերսիֆիկացման, ինչպես նաև` հացահատիկի ներկրման մենաշնորհների իսպառ վերացման ուղղությամբ: Այդպիսի տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ըստ բանախոսի` համաշխարհային շուկայում նկատվող ցորենի գնի տատանումները հայկական շուկայի վրա ազդում են միշտ այն ժամանակ, երբ գնի բարձրացում է տեղի ունենում: «Վերջին տարիներին կարելի է նկատել, որ հացի գները Հայստանում միշտ աճում են, նույնիսկ այն ժամանակ, երբ միջազգային շուկայում իջեցում է տեղի ունենում: Սա Հայաստանի «թիվ մեկ տնտեսական օրենքն է», -ասաց նա:
Բ.Ասատրյանին նաև մտահոգում է այն, որ Հայաստանում կտրուկ կերպով կրճատվում են ցորենի ցանքատարածությունները: «2005-ին դրանք 132,7 հազար հեկտար էին, իսկ 2008-ին` 98 հազար»,-ներկայացրեց նա Վիճծառայության տվյալները և հավելեց, որ նոր ճգնաժամի հաղթահարման համար իշխանությունները պետք է մտածեն հացազգիների պաշարի մեծացման մասին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը լավագույն տարում` 2005 թվականին ապահովել է իր ներքին սպառման միայն 40-42 տոկոսը:
Անդրադառնալով Ռուսաստանի կառավարության երեկվա որոշմանը` դարարեցնել ցորենի արտահանումը, Բ.Ասատրյանը կարծիք հայտնեց, թեև դրա հետևանքները վատն են լինելու Հայաստանի համար, խնդիրը լուծելի է:
«Ցորենի ներկրման հարցը կարելի է լուծել, քանի որ Հայաստանը ներկրում է 300-400 հազար տոննա, և դա շատ փոքր թիվ է Ռուսաստանի համար: Կա նաև այլ շուկաների` Ուկրաինայի, Ղազախստանի, Ռումինիայի հնարավորությունները»,-նշեց նա, ապա հավելեց, որ «շուկայում տիրող մենաշնորհային պայմաններում ցորեն նեկրողները իրենց շահույթն ապահովելու համար» կկարողանան պայմանավորվել այդ հարցի շուրջ:
ԿԲ նախկին նախագահը նաև հայտնեց, որ սպառողներից հետաքրքրվել է ալյուրի գներով: «Եթե 50 կիլոգրամանոց պարկը նրանք տարեսկզբին ձեռք էին բերում 19 դոլարով, մայիսից հուլիս` 22-ով, ապա երեկ և այսօր այդ գինը կրկին բարձրացել է 2 դոլարով»,-ասաց նա: