07/08/2010 11:52
Խոշոր ջրհեղեղ
Խոշոր ջրհեղեղ է եղել հնդկական հիմալայներում: Հեղեղվել են լեռնային սարահարթերը: Տարբեր գնահատականներով` մահացել է 90-ից 100 մարդ:
«ՆՏՎ-ռու-ն» տեղեկացնում է, որ Քաշմիրի լեռնային շրջանի 45 հզր քառակուսի կմ ընդհանուր տարածքը ենթարկվել է բնության այդ հզոր հարվածին: Բազմաթիվ քաղաքների ու գյուղերի վրա տոննաներով հեղուկ ցեխ է լցվել: Թեև այս պահին խոսվում է միայն 90 զոհվածների մասին, սակայն մոտ երկու հարյուր մարդ էլ ստացել է վնասվածքներ, ավելի քան 25 բնակիչ անհայտ կորած է համարվում: Երկրի պաշտպանության նախարարությանից տեղեկացնում են, որ այդ թվերը կարող են աճել: Որոշ բնակավայրերի հետ դեռևս կապ չկա։
Լեռնային սարահարթը, որը գտնվում է ծովի մակերևույթից 3.5 կմ բարձրության վրա, այժմ հնարավոր է հասնել միայն ուղղաթիռով: Երկրի վարչապետը նշել է, որ ստեղծվել է հատուկ հիմնադրամ`տուժածներին աջակցելու համար: Յուրաքանչյուրին կհատկացվի 2500 դոլար փոխհատուցում:
Ջրի հիմնական մասը լցվել է հարևան Պակիստանի վրա: Այնտեղ վերջին շաբաթների ընթացքում զոհվել է առնվազն 1500 մարդ: Ընդհանուր առմամբ ջրհեղեղի արդյունքում տուժել է ավելի քան տասը միլիոն բնակիչ: Իսլամաբադում հայտարարել են, որ սա վերջին 80 տարում ամենասարսափելի կլիմայական աղետն է: