12/08/2010 16:52
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք հիմնախնդիրների:
Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը՝ բերքահավաքի ընթացքի վերաբերյալ, փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը՝ հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը՝ ոռոգման համակարգում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Ավագյանը՝ մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցում իրականացվող աշխատանքների կապակցությամբ, արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը՝ տնտեսական մրցակցության ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը՝ առաջիկայում նախատեսված մշակութային միջոցառումների ընթացքի մասին:
ԼՂՀ ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ նշելով, որ ամենայն ուշադրությամբ հետեւելու է աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: