12/08/2010 16:31
Սերժ Թանգյանը խոստացավ կրկին գալ Հայաստան
Աշխարհահռչակ կատարող Սերժ Թանգյանը, ով նաև System of a Down ռոք խմբի նախկին մենակատարն է, Հայաստան է ժամանել երեկ երեկոյան շատ ուշ: Լրագրողները նրան դիմավորեցին ծափահարություններով:
«Ուրախ եմ Հայաստանում գտնվելուս համար: Չէի սպասում այսքան մարդ»,- զարմացած ասաց աշխարհահռչակ երաժիշտը:
Նա նշեց, որ վաղուց էր ցանկանում համերգ ունենալ Հայաստանում, սակայն բոլոր ջանքերն անարդյունք էին. «Սակայն ուրախ եմ, որ այս անգամ ստացվեց, և ես այստեղ եմ, չնայած կուզենայի Հայաստան այցելել շրջագայությունից առաջ կամ հետո, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենայի »:
Նշենք, որ երգիչն առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն առաջին անգամ իր մենահամերգով ու կենդանի կատարումներով հաճույք կպատճառի իր հայ երկրպագուներին։
Խոսելով այսօրվա համերգի մասին, որը տեղի է ունենալու 20:10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և որը «Imperfect Harmonies» համերգային շրջագայության մասն է կազմում` երգիչն ասաց, որ համերգի ընթացքում հանդես են գալու դասական և ռոք երաժիշտներ, ամերիկյան VIZA ռոք խումբը, իսկ երգչի խմբի անդամներից բացի, 8 երաժիշտ նվագելու են դասական գործիքներ` ստեղծելով ռոքի և դասականի համադրություն։
Այսօրվա համերգին Թանգյանը կերգի նաև հայերենով` կկատարի Հայոց Ցեղասպանության մասին գրքի տպավորության ներքո գրված մի նոր ստեղծագործություն:
Ամերիկահայ երգիչը նշեց, որ իր «Elect the dead symphony» ալբոմի եվրոպական շրջագայության շրջանակներում նվագել է հայտնի տարբեր նվագախմբերի հետ և հույս հայտնեց, որ երբևէ կնվագի նաև Հայաստանի որևէ սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Իսկ վերջում նա ասաց. « Խոստանում եմ, նորից կգամ Հայաստան»։