12/08/2010 15:29
Սերժ Թանգյան. «Ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է»
«Հայաստանի բնաշխարհը բազմազան է. տափաստանային է, չոր, մացառոտ … Սակայն ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է, որը մի այլ աշխարհ է»,- երկար սպասված հանդիպման ժամանակ Հայաստանն այսպես բնորոշեց աշխարհահռչակ ռոք կատարող Սերժ Թանգյանը`պատասխանելով լրագրողի հարցին` Հայաստանում, եթե նկարահանի տեսահոլովակ, ապա ո՞ր վայրը կընտրի: Նա Հայաստանը բնորոշեց, սակայն դժվարացավ պատասխանել հարցին, միայն նշեց, որ իր տեսահոլովակներում հետին ֆոնը միշտ կանաչ է: Նշենք, որ Սերժ Թանգյանի հայաստանյան մենահամերգի բացառիկ գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Իսկ Aysor-ի ուղղած հարցին` եթե իր երգերը փորձեր նկարել, ապա ի՞նչ գույներ ու երանգներ կընտրեր, Ս. Թանգյանը պատասխանեց. «Լավ հարց էր (ժպտաց): Ամեն երգ իր գույնն ունի: Օրինակ, System of a Down–ի երգերն ավելի մուգ են, հիմնականում` սև ու կարմիր, մի քիչ էլ մանուշակագույն: Սակայն իմ սոլո երգերն ավելի բաց երանգ ունեն` նարնջագույն, կապույտ, կանաչ… Սակայն այս նորերը` մուգ են»,- ասաց երաժիշտը և ավելացրեց, որ դրանք ավելի զգայական են` «գույնի ու ձայնի համադրությունն է, որը ներդաշնակ պետք է լինի»:
Նա նշեց, որ նախընտրում է ջազը, ռոքը, փոփը: Սակայն անում է այն, ինչ զգում է, ինչ դուր է գալիս ու ինչ այդ պահին ծնվում է հոգում: