13/08/2010 14:31
Փոխվարչապետը մասնակցեց գյուղտեխնիկայի հանձնման արարողությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ներկա գտնվեց Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 61 տրակտորների հանձնման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար Ջիրո Իիդան եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության մի շարք ներկայացուցիչներ:
Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք կբաշխվեն հանրապետության մարզեր` հնարավորություն տալով ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին եւ ավելի արդյունավետ կազմակերպել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով` Ճապոնիայի ՙԶարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA)՚ ՙԴրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար՚ ծրագրի շրջանակում: 1997 թվականից սկսած` Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք են բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն եւ 366 տարբեր հզորության տրակտորներ` ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը, որոնք համալրված են համապատասխան գյուղատնտեսական գործիքներով: