13/08/2010 10:00
«Der Spiegel»: Թուրքիան քիմիական զենք է կիրառել
Ինչպես հաղորդում է նյուսռու.կո.իլ-ը, վկայակոչելով «Der Spiegel» պարբերականին, գերմանական փորձագետները հաստատել են լուսանկարների իսկությունը, որոնք վկայում են, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները սպանվել են քիմիական զենքի կիրառման հետևանքով: Գերմանական քաղաքական գործիչներն այժմ պահանջում են միջազգային փորձաքննություն` թուրքական բանակի կողմից քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու փաստի առնչությամբ:
Խոսքը վերաբերում է մի շարք լուսանկարների, որտեղ այրված մարմիններ են, որոնք դժվար է նույնիսկ որպես մարդկային դի ճանաչելը, գրում է «Der Spiegel»—ը: Իրավապաշտպանների գնահատմամբ, դա 2009 թվականի սեպտեմբերին թուրքական բանակի կողմից սպանված 8 քուրդ զինյալների դիակներն են:
Պարբերականը նաև ներկայացնում է Համբուրգի համալսարանի հիվանդանոցի փորձագետների հայտարարությունը, ովքեր նշում են, որ լուսանկարների վրա պատկերվածները, ամենայն հավանականությամբ, «զոհվել են քիմիական զենքի կիրառման հետևանքով»: Լուսանկարների իսկությունը հաստատել է փորձագետ Հանս Բաումանը:
Պաշտոնական Անկարան հրաժարվում է մեկնաբանություններից:
Աղբյուրը նշում է, որ քրդերի դեմ քիմիական զենքի կիրառման փաստը կարող է բավականին բարդացնել Թուրքիայի ընդգրկումը Եվրամիության կազմում և հարցականի տակ դնել այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ում: