14/08/2010 10:21
Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման եւ ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:
Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահին ուղեկցում էին գրող-հրապարակախոս, Արցախի հեռոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: