16/08/2010 09:20
Սահակաշվիլի. Վրաստանի աշակերտներն անգլալեզու կդառնան
Մոտակա տարիների ընթացքում Վրաստանի «կրթական համակարգում հեղափոխություն տեղի կունենա, և բոլոր երեխաները` սկսած 5 տարեկանից, պարտավոր կլինեն տիրապետել անգլերենին»: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, ԱՄՆ-ից, Կանադայից և եվրոպական երկրներից Բաթումի ժամանած կամավոր-ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Մոտակա չորս տարիների ընթացքում բոլոր աշակերտները անգլախոս կդառնան: Դա նշանակում է, որ մայրենիից` վրացերենից հետո, նրանք մյուս բոլոր լեզուներից ավելի լավ կտիրապետեն անգլերենին», - ասել է Սահակաշվիլին:
Միևնույն ժամանակ Վրաստանի առաջնորդը նշել է, որ «ելնելով այսօրվա կարիքներից` երեխաները նաև կսովորեն չինարեն, արաբերեն, թուրքերեն, ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներ»:
Միխեիլ Սահակաշվիլին նաև տեղեկացրել է, որ աշխարհի տարբեր երկրներից Վրաստան կժամանեն անգլերենի մի քանի հազար ուսուցիչներ: