16/08/2010 09:36
Իսրայելի վարչապետն առաջին անգամ կայցելի Հունաստան
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր առաջին անգամ կայցելի Աթենք: Երկու երկրների կառավարությունների համաձայն` այցի շրջանակներում կքննարկվեն առևտրական ոլորտում համագործությանը և պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է “Ազատություն” ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Ներկայում Իսրայելը Միջերկրականում նոր գործընկերներ է որոնում: Երբեմնի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները կտրուկ վատացան այսպես կոչված «Ազատության նավախմբի» միջադեպից հետո, երբ այս տարվա մայիսին իսրայելական զինվորականները գրոհեցին դեպի Գազա ուղևորվող նավախումը, ինչի հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացի զոհվեց:
Նշենք նաև, որ այս տարվա հուլիսին Իսրայել էր այցելել Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուն: