16/08/2010 09:51
ՄԱԿ-ը Պակիստանին լրացուցիչ 10 մլն դոլար կտրամադրի
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այցելել է ուժեղ ջրհեղեղներից տուժած Պակիստան և ցնցվել այնտեղ տիրող իրավիճակից: Պան Գի Մունի խոսքերով, նա երբեք չէր տեսել նման ավերիչ աղետ: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն` վկայակոչելով Բի-Բի-Սի-ին:
Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կոչ է արել համաշխարհային հանրությանն արագացնել Պակիստանի տուժած շրջաններին, որի բնակիչները դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունեն, օգնության տրամադրումը:
Պան Գի Մունը նաև հայտարարել է, որ ՄԱԿ պահուստային միջոցներից Պակիստանին լրացուցիչ 10 մլն դոլար կտրամադրվի: Այսպիսով, Պակիստանին ՄԱԿ օգնությունը կկազմի 27 մլն դոլար:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, ավերիչ ջրհեղեղների հետևանքով Պակիստանում 20 մլն մարդ է տուժել: 1 500 մարդ զոհվել է: