17/08/2010 15:24
Այս տարի Հայաստանում սպասվում է խաղողի առատ բերք
Այս տարի Հայաստանում խաղողի բերքը սպասվում է 30 տոկոսով ավելին, քան 2009թ.-ին, սակայն այս տարի հայրենի խաղողագործների հետ մթերման պայմանգերեր կնքվել է 25 տոկոսով պակաս, քան անցյալ տարի: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այս տարի առատ խաղողի մթերման գնին, բանախոսը հավաստիացրեց, որ Հայստանում խաղողի մթերման գինը որոշվում է Երևանի Կոնյակի գործարանի քաղաքականությամբ: Ա. Հարությունյանը նշեց, որ գործարանը հայտարարվել է 130 դրամ մեկ կգ խաղողի դիմաց:
«Խաղողի հիմնական զանգվածը կմթերվի 110-130 դրամի սահմաններում, մոտավորապես խաղողի 30 տոկոսը կմթերվի 90-110-ի սահմաններում: Ոչ մի կգ խաղող չի մնա դաշտում»,- շեշտեց Ա. Հարությունյանը և հավելեց, որ խնդիրը նրանում է, թե երբ կվճարվի խաղողի դիմաց. 2009թ.-ի 14 մլրդ դրամից մինչև այսօր չի վճարվել 200 մլն դրամ:
Ավագ Հարությունյանը վստահեցրեց, որ լավ խաղողի` Արենիի, Կախեթի ևս մի քանի այլ լավ տեսակների գինը այս տարի չի իջնի. սրանք այն տեսակներն են, որոնք օգտագործվում են գինեգործական նպատակներով: