18/08/2010 16:53
DHT հոլդինգի թուրք ղեկավարությանը հեռացրել են Ադրբեջանից
Ինչպես տեղեկացնում է «pia.az» տեղեկատվական կայքը` Ադրբեջանում տեղեկություններ են տարածվել, որ երկար տարիներ այդ երկրում գործող և ամենամեծ կապիտալ ներդումներ կատարած ընկերություններից մեկի` թուրքական «DHT»-ի ղեկավարությունը հեռացել է Ադրբեջանից, քանի որ ընկերությունը խլել են թուրքերից և տվել ազգությամբ ադրբեջանցիների, նոր տերերն էլ փոխել են նրա թուրքական անվանումը:
«Pia.az»-ը գրում է, որ DHT հոլդինգը Ադրբեջանում գործում է 90- ականներից, այն Ադրբեջանում գործ սկսած թուրքական ընկերություններից առաջինն է: 1996 թ-ին ստեղծված «DHT Metal» ֆաբրիկայի հիմքի վրա «DHT»-ն հետագայում ստեղծել է «Azeryem», «Azertoxum», «Azeragro», «AST Inshaat-Socar-ASM» ձեռնարկություններից բաղկացած հոլդինգը, որն Ադրբեջանում մինչ այժմ 100 մլն դոլարից ավելի ներդրումներ է կատարել: «DHT Meta» ընկերությունը Կասպից ծովի հատակից հավաքում է մետաղի ջարդոնը և այն վերածում պատրաստի արտադրանքի: «Azeragro»-ն հեկտարներով ցորենի դաշտեր ունի Ադրբեջանի 6 շրջաններում: «Azeryem»-ը զբաղվում է անասունների համար կերերի է արտադրությամբ: «Azerinshaat»-ը զբաղված է Ադրբեջանում «SOCAR VP» հյուրատան, Բաքվի օլիմպիական մարզադաշտի, «The Star of Azerbaijan»ի նման մեծ շինարարական նախագծերի իրագործմամբ:
«Pia.az»-ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունը մինչ այժմ շատ սերտ կապեր է ունեցել հոլդինգի սեփականատեր Դաղըստան Թուրանլըի հետ: «Երևում է ընկերության ղեկավարության և իշխող թիմի միջև ինչ որ պատճառով դժգոհություն է առաջացել և, ինչի պատճառով էլ ընկերության ղեկավարությունը, ամբողջը թողնելով ադրբեջանցիներին, շտապ կերպով լքել է երկիրը», -նշում է «pia.az»-ը: