20/08/2010 12:00
Արցախում կառուցվում է ևս մեկ դպրոց
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցվում է երկհարկանի դպրոց, որը նախատեսված է 320 աշակերտի համար: Այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ դպրոցաշինական ոլորտում Գիշի համայնքի դպրոցի կառուցումը Հիմնադրամի 14-րդ ծրագիրն է ԼՂՀ Մարտունու շրջանում: Դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաև ռազմագիտության, կենսաբանության, բուժսպասարկման համար առանձին սենյակներ:
Նշենք, որ դպրոցին կառուցման ֆինանսավորումը իրականացնում է ԼՂՀ կառավարությունը և «Վարդանյանների ընտանիք» ԲՀԿ-ն:
Դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը համոզված է, որ դպրոցի կառուցումից հետո ոչ միայն կփոխվի ուսման որակը, կավելանա նաև աշակերտների թիվը:
Հիշեցնենք, որ համայնքը մեծ թվով գիտաշխատողներ ու դասախոսներ է տվել արցախահայությանը, և գիշեցիները հավատում են, որ նոր սերունդն էլ կշարունակի գեղեցիկ այդ ավանդույթը նոր դպրոցում, որը շահագործման կհանձնվի 2011-ի հունվարին: