20/08/2010 13:21
24 հայ և թուրք պատանիներ ու աղջիկներ կմարզվեն Թուրքիայում
Սպորտային փոխանակման ծրագրի շրջանակում 24 հայ և թուրք պատանիներ ու աղջիկներ հնարավորություն կունենան օգոստոսի 19-29-ը Թուրքիայում մարզվել ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի կողմից:
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, International Sports Programming Initiative-ը (Միջազգային սպորտային ծրագրերի նախաձեռնությունը) ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության «Միավորված սպորտներ» ծրագրի կողմից և իրականացվում է «Համաշխարհային ուսուցում» (World Learning) շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից:
«Միջդպրոցական սպորտային միջոցառումները օգնում են երիտասարդներին ձեռք բերել վստահություն և սովորել առաջնորդելու ու թիմային աշխատանքի մասին, որոնք այն արժեքներն են, որ հույժ կարևոր են կյանքում և դասասենյակում հաջողության հասնելու համար, - ասաց World Learning կազմակերպության պրեզիդենտ ու գլխավոր գործադիր տնօրեն Ադամ Վայնբերգը, - World Learning-ը անչափ ուրախ է մասնակից լինել այս ծրագրին, որը կօգնի բացահայտել այս երիտասարդ տղաների ու աղջիկների ներուժը»:
Ծրագիրը մեկնարկում է մեկ շաբաթ տևող մարզական ճամբարով` Թուրքիայի Օրեն բնակավայրում, որտեղ մասնակիցները և նրանց մարզիչները սպորտային միջոցառումներին մասնակցելու ընթացքում կսովորեն երիտասարդական առաջնորդման և միջմշակութային շփումների մասին: Երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները կլինեն Իզմիրում և հանդես կգան ցուցադրական խաղերով, ներկա կլինեն Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) բասկետբոլի աշխարհի առաջնության առաջին օրվա միջոցառումներին և Մուրեսանի հետ կմասնակցեն բասկետբոլի թաղային մարզումների:
2011թ. հունվարին նույն հայ և թուրք մասնակիցները կուղևորվեն դեպի Միացյալ Նահանգներ` մարզվելու և խաղալու ամերիկյան երիտասարդների հետ: Միացյալ Նահանգների միջդպրոցական սպորտային ծրագրերը աշխարհում ամենազարգացածներից մեկն են, և միլիոնավոր երիտասարդներ ամեն տարի ներկայացնում են իրենց դպրոցը` մասնակցելով մրցույթների տարբեր մարզաձևերից:
«Այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը, սպորտի նկատմամբ սերը կարող է մտերմացնել մարդկանց` դրանով իսկ աննշան դարձնելով բոլոր տարբերությունները: Հուսով ենք, որ փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը այս երիտասարդ մարզիկների միջև կծառայեն ի նպաստ Հայաստանի և Թուրքիայի` որպես հարևանների և երկու երկրների առավել պայծառ ապագայի», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրուս Դոնահյուն: