20/08/2010 14:13
Արմեն Գեւորգյանն այցելեց Կոտայքի մարզ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում իրականացվող Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ջրամբարի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք:
Փոխվարչապետին տեղեկացրին, որ աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով եւ արդեն ավարտական փուլում են: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կավարտվեն նախատեսված ժամկետներում: