20/08/2010 15:37
ՀՀ նախագահ. ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է
«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում մնում է անփոփոխ: Խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման»,- այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ու հավելել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի նորմերի ու միջազգային չափորոշիչների վրա:
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում ունեցած միջնորդական ջանքերի համար Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս պաշտոնակցին:
«Ես երախտապարտ եմ Ռուսաստանին տարածաշրջանում ուժի հավասարակշռության ապահովման և ռազմական սպառնալիքների կանխման անհրաժեշտության գիտակցման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ունեցած ավանդի համար»,- նշել է Սերժ Սարգսյանը` հիշեցնելով, որ Դմիտրի Մեդվեդևի անձնական ջանքերի շնորհիվ են կայացել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների բազմաթիվ հանդիպումները:
Իր հերթին Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ունեցած ներդրումն ընդգծելու համար և պատրաստակամություն հայտնել` այսուհետ ևս շարունակել աջակցությունը կարգավորման գործընթացին:
«Մենք հետայսու էլ պատրաստ ենք շարունակել մեր միջնորդությունը` խնդրի քաղաքական լուծման, փոխադարձ ընդունելի կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ, ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների միջոցով»,- հայնտել է Դ. Մեդվեդևը: