20/08/2010 15:28
Ռուսական ռազմակայանի պատասխանատվությունն ընդլայնվում է
Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման պայմանների մասին այսօր Երևանում ստորագրված արձանագրությամբ ընդլայնվում է ռուսական ռազմակայանի պատասխանատվությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը ստորագրվեց այսօր` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: Ինչպես հայտնի է` արձանագրությամբ նախատեսվում է, որ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը նախկին 25-ի փոխարեն` կերկարաձգվի մինչև 49 տարի, ինչպես նաև` սահմանվում է, որ ռուսական կողմը օժանդակություն կցուցաբերի Հայաստանի անվտանգության ապահովման գործում:
«Այդ արձանագրություններով ոչ միայն երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը, այլև ընդլայնվում է դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվությունը»,- ստորագրված փաստաթղթի վերաբերյալ հայտնել է նախագահ Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը, մանրամասնելով, նշել է նաև, որ եթե գործող պայմանագրով ռուսական կողմն ապահովում է Հայաստանի պետական սահմանի` բացառապես ԱՊՀ արտաքին սահման հանդիսացող հատվածի (Թուրքիայի ու Իրանի հետ) անվտանգությունը, ապա սույն արձանագրությամբ այդ սահմանափակումը վերացվում է: