20/08/2010 17:47
Հայաստանը պատրաստ է բանակցել` Պետերբուրգյան առաջարկների հիման վրա
«Մենք պատրաստ ենք շարունակել խնդրի լուծումների որոնումները` Սանկտ Պետերբուրգում Ձեր կողմից ներկայացված առաջարկների հիման վրա»,- այսօր Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում, դիմելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեևին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է առաջարկների փաթեթ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, իսկ ադրբեջանական կողմը` ոչ:
ՀՀ նախագահը, բարձր գնահատելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի և անձամբ Դմիտրի Մեդվեդևի ունեցած ներդրումը, և երախտագիտություն հայտնելով այդ կապակցությամբ, վերահաստատեց, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները եռակողմ ձևաչափով վերջին հանդիպման ժամանակ ներկայացված առաջարկների հիման վրա:
Նշենք նաև, որ սկզբնական շրջանում պաշտոնական Բաքուն Պետերբուրգյան առաջարկների վերաբերյալ իր մերժողականությունը բացատրում էր այն հանգամանքով, որ դրանք ներկայացրել է ռուսական կողմը` առանց մյուս երկու համանախագահների: Սակայն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի` Ալմաթիում կայացած նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ լիովին աջակցում են ՌԴ նախագահի նախաձեռնություններին: