21/08/2010 11:58
Լեհաստանի նախագահը մտադիր չէ հետևել Սահակաշվիլու ցանկությանը
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հասկացնել է տվել, որ իր` նախագահի պաշտոնում ընտրվելը զրկում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն նախկին գործընկերությունից: Ինչպես տեղեկանում ենք ՌԲԿ.ռու-ից, այս մասին հաղորդել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը` հղոմ կատարելով Լեհաստանում հեղինակություն վայելող «Ռեչ Պոսպոլիտա» թերթին տված հարցազրույցին:
Այդ հարցազրույցում նախագահ Բ. Կոմորովսկին հայտնել է, որ Թբիլիսին չի կարող հույսը դնել Վարշավայի այնպիսի բարեկամության վրա, ինչպիսին էր նախկին նախագահ Լեխ Կաչինսկու ժամանակ:
«Ես չեմ մեկնի արտասահման միայն այն բանի համար, որ այդպես է ցանկանում Վրաստանի նախագահը»,- հայտարարել է Բ. Կոմորովսկին` ի նկատի ունենալով Վրաստան պաշտոնական այցելություն կատարելու մասին հրավերը:
Լեհաստանի նախագահը, անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հարցին նշել է. «Լեհաստանը, իհարկե, պետք է միանշանակ արտահայտվի հօգուտ բոլոր ժողովուրդների ինքնորոշման և անկախության իրավունքի»: Սակայն, միևնույն ժամանակ, Բ.Կոմորովսկին ասել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, Բ. Կոմորովսկին քննադատել է Աբխազիայում Ս-300 (S-300) համակարգի տեղակայումը, միայն այն պայմանով, որ վրացական կողմն էլ պետք է դադարեցնի մեծացնել այդ տարածաշրջանում ռազմական ներկայությունը: