23/08/2010 14:47
Նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը կարժենա շուրջ 5 մլրդ դոլար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայլուր» լրատվական ծրագրին տավծ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագրի մանրամասնությունները:
«Առաջինը ուզում եմ հիշեցնել, որ հանրապետության նախագահը հայտարարել էր, որ կառուցելու ենք նոր ատոմային էներգաբլոկ, եւ հզորությունը լինելու է 1000 մեգավատտ։ Համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության հետ, ենթադրում է, որ մեր ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը եւ ունենալու են ուղղակի ներդրում։ Նախնական գնահատականներով այդ մեծ ծրագիրը ենթադրում է շուրջ 5 մլրդ դոլարի ներդրում», - ասել է Տ.Սարգսյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ մեր ռուս գործընկերները նույնպես մասնակցելու են այդ ներդրումային ծրագրին. պայմանագրի իմաստը հենց դա էր։
«Մենք համագործակցելու ենք մեր գործընկերների հետ. լինելու է նոր կոնֆիգուրացիա, նոր նախագիծ, որից հետո մենք մեր հանրությանը ավելի հստակ կներկայացնենք մանրակրկիտ տեղեկատվություն, թե ինչպիսին է լինելու ատոմակայանը։ Բայց ակնհայտ է, որ ատոմակայանի կառուցումը ենթադրում է մեր էներգետիկ համակարգի որակական բարելավում։ Դա լինելու է ժամանակակից ատմակայան, որն էապես ավելացնելու է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի հզորությունները։ Դա նշանակում է, որ, ընդհանուր առմամբ, մեր արդյունաբերությունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ:, - նշել է ՀՀ վարչապետը։