23/08/2010 15:03
Վարչապետ. Ռուսաստանը ՀԿԵ-ում 100% ներդրումներ կկատարի
«Հայկական երկաթուղին» կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնված է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, սակայն մեզանում, մեր քաղաքացիների շրջանում կա մտահոգություն, որ ակնկալվող ծառայությունների որակն այնքան էլ արդարացված չէ։ «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է ներկայացրել է այս հարցի հեռանկարները:
«Ընդլայնված նիստի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինը զեկուցեց այդ հարցը` ընդգծելով, որ 2010 թվականի ընթացքում ռուսական կողմը ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու է, որովհետեւ նախորդ 2 տարիների ընթացքում կար մի փոքր ծավալների կրճատում եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում։ Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010 թվականին նրանք կկատարեն ներդրումային ողջ ծրագիրը։ Առաջինը ուշադրություն է դարձվելու շարժակազմի բարելավման գործընթացին, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ կա իրական բարելավում», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը կարևորել է նաեւ ճանապարհների որակի բարձրացումը, որի հետեւանքով կավելանա ուղեւորափոխադրումների արագությունը:
«Եվ երրորդը կառավարման նոր մոդելի ներդրումն է, որը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, որպեսզի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջանան, որպեսզի մեր քաղաքացիների համար հասանելի լինի շարժակազմը», - ասել է վարչապետը։