23/08/2010 16:29
Ադրբեջանի իշխանությունները չգիտեն` ինչպես կազմակերպել ընտրարշավը
Ադրբեջանի իշխանական ճամբարում որոշվել է խորհրդարանական ընտրութունների քարոզչական արշավում ներգրավել երգիչների և նվերներ բաժանել ընտրողներին:
Այս օրերին Ադրբեջանի իշխանական ճամբարում առաջիկա ընտրարշավի հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, հիմնականում քննարկվել է կառավարության թեկնածուների քարոզչության համար համերգ-շոուների կազմակերպման հարցը:
Տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը պաշտոնական մամուլում վերջերս խստորեն քննադատել է նախորդ ընտրություններում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն օգնության եկած երգիչներին և ընդհանրապես այդ գաղափարը, ինչն այժմ դժվար կացության մեջ է դրել կառավարությանը:
Իշխանական գաղափարախոսները կարծում են, որ Ռ.Մեհդիևի քննադատությունից հետո, եթե քարոզչական արշավներին այս անգամ ևս մասնակից դարձվի այդ նպատակի համար արդեն ընտելացված երգիչների կազմը, դա կարող է լրջորեն վնասել իշխանության հեղինակությանը: Բայց հակառակ դեպքում էլ իշխանության անցկացրած արշավը կանցնի շատ դժգույն:
Այդ պատճառով էլ այս հարցը լրջորեն քննարկվել է կառավարությունում և քարոզչական արշավի համար 3 տարբերակ է առաջարկվել: Տարբերակներից առաջինը հասարակության մեջ ընդունված երգիչների` արշավին ներգրավումն է, երկրորդը արշավներին մասնակցելու համար մարդկանց որոշակի թվի ապահովումն է, իսկ երրորդը` ընտրողներին նվերներ բաժանելն է: