23/08/2010 11:03
Ադրբեջանը 90 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 90 դեպք։
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 փամփուշտ: Գնդակոծության առավել հաճախակի դեպքեր են արձանագրվել ПК տիպի գնդացիրներից: Միայն օգոտոսի 16-ի գիշերը և օրվա ընթացքում Մարտունու պաշտպանական ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 100 գնդացրային կրակոց։
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: