23/08/2010 11:20
«Օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական»
Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Արցախի նախագահը նշել է.
«Վեհափառ Տեր,
Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր եւ եղբայրներ,
Անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ այսօր հանդիպել ձեզ հետ եւ բոլորիդ փոխանցել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Անսահման ուրախ եմ նաեւ, որ Լիբանանի այս գողտրիկ անկյունում արթուն եմ տեսնում հայկական շունչն ու ոգին, լեզուն ու մշակույթը, հավատը եւ դարերի խորքից եկող մեր ավանդույթներն ու սովորությունները:
Ճակատագրի բերումով հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Եվ որտեղ էլ բնակություն է հաստատել նա` նախեւառաջ հիմնադրել է դպրոցներ, կառուցել եկեղեցիներ, միշտ վառ պահել հայրենի օջախի կրակը: Դա է մեր ժողովրդի հարատեւության գաղտնիքը եւ այն խորհուրդը, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր հայ ու փոխանցի իր զավակներին: Եվ հենց դրա փայլուն վկայությունն է այս հեռավոր երկրում ծաղկող ու բարգավաճող հայկական գեղեցիկ Այնճարը, որը դարձել է ձեր երկրորդ հայրենիքը: Շնորհակալություն ձեզ` ձեր հայրենասիրության ու անկոտրում կամքի, ձեր անձնազոհության ու սխրանքի համար:
Մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին եւ կոչել նոր խիզախումների:
Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը եւ այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին եւ հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ եւս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման:
Բարեկամներ, ես հպարտության խոր զգացում եմ ապրում` գտնվելով ձեզ հետ: Միաժամանակ ուզում եմ երախտագիտություն հայտնել Լիբանանի ժողովրդին ու իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին օգնության ձեռք են մեկնել մեր հայրենակիցներին: Այսօր դուք հանդիսանում եք ձեր երկրի արժանի քաղաքացիները եւ անձնվեր ու քրտնաջան աշխատանքով նպաստում եք նրա զարգացմանն ու բարգավաճմանը:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ հիշարժան հոբելյանների առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի եւ ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները: Միայն այսպես ձեռք ձեռքի մենք կարող ենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ հասնել նոր հաղթանակների:
Փա~ռք հայ ժողովրդին:
Փա~ռք հայոց անկախ պետականությանը»: