24/08/2010 18:04
«Ադրբեջանի իշխանամետ հեռուստաընկերությունները քրեականացված են»
Բաքվի պետական համալսարանի հեռուստատեսության և ռադիոժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, ճանաչված հեռուստալրագրող Գուլու Մահառամլին հայտարարել է, որ որոշ հեռուստաընկերությունների քրեականացված լինելը հնարավորություն չի տալիս խոսելու Ադրբեջանում առկա լուրջ խնդիրների մասին: «Այդ հարցում մեծ դեր է խաղում հեռուստատեսության ղեկավար կազմը: Իր տեղում չգտնվող, ստեղծագործական ունակությունից հեռու, կոլեկտիվի առաջ մեղավոր, կաշառակեր ղեկավարը չի կարող անկախ որոշում ընդունել: Հենց դրանց վախից այդ մարդիկ քննադատական տեսանյութեր չեն հեռարձակում»,- առանց կոնկրետ հեռուստատեսության անուն նշելու` ասել է նա:
Մեկնաբանելով Գ.Մահառամալիի խոսքը` «Ազադլըգը» համոզմունք է հայտնել, որ Բաքվի համալսարանի դասախոսը նկատի ունի իշխանամետ «AzTV», «Lider» և «Space» ալիքները, առաջին հերթին` պետական «AzTV» հեռուստատեսությունը: «Մեր ուսանողներից մեկը պատմել է, որ Թուրքիայում «AzTV»-ին հետևողները ծիծաղում են այդ հեռուստատեսության հաղորդումների վրա և համարում, որ այն նախնադարյան համայնական հասարակարգի հեռուստատեսություն է»,- ասել է դասախոսը: «Բացի այդ, հասարակությունը «Ազադլըգ»-ի միջոցով տեղյակ է «AzTV» ղեկավար Արիֆ Ալըշանովի կոռուպցիոն գործունեություններից»,- գրում է «Ազադլըգը»:
Համաձայնվելով Գ.Մահառամովի տեսակետին` թերթի հետ զրույցում փորձագետներն ասել են, որ ճանաչված հեռուստալրագրողն ավելի շատ նկատի ունի հենց պետական «AzTV» հեռուստատեսությունը: Նրանց կարծիքով, սոցիալական խնդիրներին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի պետական հեռուստատեսությունը: «Բայց հենց «AzTV»-ն է, որ միանշանակ քննադատական սյուժեներ և հաղորդումներ չի հեռարձակում: Սոցիալական հարցերին երբեմն անդրադառնում են մասնավոր «ANS», «Xazar TV» և «ATV» հեռուստաալիքները»,-հայտնել է «Ազադլըգը»: