24/08/2010 18:20
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը` բարոյական հաղթանակ ՀՀ համար
Հայաստանում օգոստոսի 20-22-ին կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի մասին խոսելիս` ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանն ասաց, որ գագաթաժողովը Հայաստանի համար բարոյական հաղթանակ էր` ուղղված հարևան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, և կարող է որոշակիորեն զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի համար:
Նա նշեց, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկված հիմնական հարցերից մեկը վերաբերում էր Ղրղզստանում իշխանափոխության արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակին. «ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ չէր տալիս կոնկրետ ՀԱԿՊ անդամ պետություններին ավելի օպերատիվ արձագանքել ստեղծված իրավիճակին, և խնդիր էր առաջացել` քննարկելու և կանոնադրության մեջ նոր փոփոխություններ մտցնելու»,- ասաց Ն. Թորոսյանը և հավելեց, որ այսուհետ նմանատիպ իրադրություններում ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից օգնությունն ավելի օպերատիվ ու արդյունավետ կլինի:
Ն. Թորոսյանը նշեց նաև, որ գագաթաժողովին քննարկված հարցերից էր նաև 2010-ի դեկտեմբերին կայանալիք պաշտոնական գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսին փոխանցելու հարցը: