26/08/2010 15:59
Հայաստանին կտրամադրվի 13.48 մլն դոլար փոխառություն
Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջև նախաստորագրվեց «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով ՀՀ-ին կտրամադրվի 13.48 մլն դոլար փոխառություն և 500 հազար դոլար դրամաշնորհ` Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագիրը նախաստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Հենինգ Պեդերսենը:
Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է «Հայկական միրգ» ԲԲԸ հիմնումով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի և ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը: Այգեգործական ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:
Երկրորդ` Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչի օժանդակությամբ ներդրումներ կկատարվեն գազամատակարարում, ջրարբիացում, գյուղական ճանապարհներ ենթակառուցվածքներում: Այս բաղադրիչն ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը (Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Լոռի և Շիրակ):
Փոխառության տրամադրման պայմաններն են` տարեկան 0.75% հաստատագրված ծառայավճար, 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին` արտոնյալ:
Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին և ավարտին հասցնել 2016-ին: