26/08/2010 14:35
Հայաստանը 4.5 անգամ ավելի շատ ներմուծում է, քան` արտահանում
Հայաստանը նախկինում եղել է հզոր արդյունաբերական երկիր և Խորհրդային տարիներին 4 հանրապետություններից մեկն էր, որ ավելի շատ արտահանում էր, քան ներմուծում: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում հիշեցրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով` Հայաստանն այժմ 4.5 անգամ ավելի շատ ներմուծում է, քան` արտահանում. «2010-ի առաջին վեցամսյակի տվյալների համաձայն` արտաքին առևտարաշրջանառությունն արտահանման մասով կազմել է 442.8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1.7 մլրդ դոլար: Պետք է փաստել, որ վերջին 3-4 տարիներին այս ցուցանիշը կրկնվում է: Իսկ սա մտահոգվելու առիթ է տալիս»,- փաստեց Վ. Սաֆարյանը և հավելեց, որ վեց ամսում Հայաստանում ընդհանուր արդյունանբերական ապրանքները կազմել են 370 մլն դոլար:
Հայաստանը, ըստ Սաֆարյանի, ամենից շատ հիմնականում արտահանում է պղնձի և մոլիբդենի խտանյութ, կիսաթանկարժեք կամ թանկարժեք քարերով իրեր և սննդամթերք: Նա նշեց, որ ճիշտ կլինի ավելի շատ արտահանել հումք, այլ ոչ` պատրաստանյութ:
Վ. Սաֆարյանի խոսքով` Հայաստան ներմուծվում է միայն 500 մլն դոլարի սննդամթերք: «Ներմուծելն ավելի հեշտ է, քան տեղում արտադրություն կազմակերպելը: Կառավարությունը պետք է խթանի, որ արտադրություն կազմակերպողն ավելի շահեկան վիճակում լինի, քան ներմուծողը: Արտադրության կազմակերպումն աշխատատար պրոցես է, և անհրաժեշտ են ֆինանսական մեծ ռեսուրսներ», - ասաց նա:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նշեց նաև, որ այժմ իրենք միջոցներ են ձեռնարկում` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու ուղղությամբ: