26/08/2010 11:57
ՄԱԿ-ն անհանգստացած է Վրաստանի փախստականներով
ՄԱԿ-ի փախստականների գործերով գերատեսչությունն անհանգստություն է հայտնել Աբխազիայից ու Հարավային Օսիայից մի քանի հարյուր տեղահանվածների ճակատագրի վերաբերյալ, ովքեր բնակվում էին Թբիլիսիում հատկացված շենքերում, իսկ այժմ արտաքսվում են այնտեղից: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ փախստականները վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպում են բողոքի ակցիաներ:
Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ տեղահանված յուրաքանչյուր ընտանիքին որպես փոխհատուցում տրամադրել են 10 հազար դոլար գումար կամ նոր բնակության վայր: Մինչդեռ փախստականները հայտարարում են, որ իրենց որպես բնակության վայր առաջարկում են միայն գյուղական շրջանները, որտեղ դժվար է աշխատանք գտնել: