26/08/2010 12:54
Մայր Թերեզայի 100-ամյակը նշում են Կալկաթայում
2010թ. օգոստոս 26-ին`որբևայրիների և աղքատների գթության քույր Մայր Թերեզայի տարեդարձի օրը, Կալկաթայում (Հնդկաստան) մեկնարկեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված տոնախմբությունը: Այս մասին հայտնում են Հայոց մարդասիրական ժեմարանի տեղեկատվական համակարգից:
Կաթոլիկ մի քանի կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ` Կալկաթայի արքեպիսկոպոս Լուկաս Սարքարի նախագահությամբ, կազմակերպել են Մայր Թերեզայի անվան երրորդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի օգոստոս 26-29-ը: Կինոփառատոնը միաժամանակ կանցկացվի նաև 17 երկրներում, այդ թվում`Վատիկանում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Թայլանդում…
Տոնախմբության հանդիսավոր բացմանը Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը, ով հատուկ հրավիրված էր կաթոլիկ արքեպիսկոպոսի կողմից:
Բացման արարողությունից հետո ցուցադրվեց «Մայր Թերեզա» ֆիլմը: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն ևս 15 ֆիլմ, որոնք բոլորն էլ նվիրված կլինեն Գթության մորը:
Օգոստոսի 29-ից հետո փառատոնը Կալկաթայից կտեղափոխվի Հնդկաստանի տարբեր քաղաքներ:
Գթության քույրն ապրել է Կալկաթայում, հիմնադրել Գթության միաբանությունը, որը նրա մահից հետո էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը:
Կալկաթայում գտնվող Մայր Թերեզայի տուն-թանգարանը, ուր ամփոփված է նրա աճյունը, ուխտատեղի է դարձել տեղացիների և այցելուների համար: