27/08/2010 15:27
Ինչու՞ է գրանցվել կարտոֆիլի գնաճ
Կարտոֆիլի գնի բարձրացումը, ըստ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի, նախ կապված է բնական շուկայական հարաբերություններից` «անցած տարի գրանցվել է կարտոֆիլի ավելցուկ, այդ պատճառով այս տարի քչերն են կարտոֆիլ մշակել»:
«Եղել են տարիներ, որ կարտոֆիլի ավելցուկ ենք ունեցել, այսօր ունենք կարտոֆիլի գների բարձրացում: Ես, լինելով գյուղացի, գյուղատնտեսության հետ կապ ունեցող մարդ, կարծում եմ, որ այն լոկ շուկայական հարաբերությունների արդյունք է»,- նշեց Լ. Ալեքսանյանը:
Մյուս կողմից պատգամավորը վստահ է, որ կարտոֆիլի գնի աճը կապված չէ մենաշնորհների հետ, քանի որ Հայաստանում չկան կարտոֆիլի մշակման ոլորտում մենաշնորհ ունեցողներ, ովքեր կարող են շուկայում գին թելադրել: Մինչդեռ նա նշեց, որ ինքն «իրոք մասնագետ չէ, և չի կարող թվեր ասել», թե որքանով է կրճատվել կարտոֆիլի արտադրությունը նախորդ տարվա համեմատ, կամ կա՞ն արդյոք մենաշնորհներ:
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատգամավորն ունի ստույգ տվյալներ առ այն, որ այս տարի հայկական շուկայում կարտոֆիլի դեֆիցիտը, ըստ որոշ մասնագետների, կապված է արտահանման հետ, Լ. Ալեքսանյանը դրան էլ համաձայնեց. «Գուցե գնաճն արտահանման հետևանք է, բայց եթե արտահանում են, այն այս երկրին օգուտ է»: