27/08/2010 15:34
ԱՀՀ. Մասնակցեք հակահայկական նախաձեռնության կասեցմանը
Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) նախաձեռնել է էլեկտրոնային արշավ, որով նախատեսում է կասեցնել ամերիկյան CNN հեռուստաընկերությամբ ադրբեջանամետ քարոզչության ծավալումը: Այս նպատակով ԱՀՀ-ն կոչ է անում http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 բողոքի նամակներ ուղարկել ամերիկյան CNN հեռուստաընկերությանը:
Տեղեկացնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը նախատեսում է ընթացիկ շաբաթվա վերջին եթեր հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի մասին ֆիլմ, որտեղ ներառված են Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ընթացքում Չինգիզ Մուսթաֆաևի նկարահանած կադրեր: Ծրագիրը նախատեսված է հեռարձակել 5 անգամ` 4 օրվա ընթացքում, սկսած օգոստոսի 28-ից:
Ըստ էության, այսկերպ հերթական անգամ փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի ստահոդ և հնարածին տեսակետը 1992թ. Խոջալու գյուղում կատարված ողբերգության մասին:
Բանն այն է, որ 1992թ. Աղդամի շրջանում Չինգիզ Մուսթաֆաևի արած տեսանկարահանումները դարձան Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրաժարականի պատճառ, իսկ վերջինս հայտարարեց, որ ողբերգությունը կազմակերպվել էր իրեն պաշտոնանկ անելու համար:
Ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետագայում ադրբեջանցի լրագրողի նյութը հրապարակավ չի ցուցադրվել: Իսկ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո ադրբեջանական քարոզչությունը սկսեց շրջանառել մի շարք կեղված կադրեր ու լուսանկարներ, դրանք վերագրելով Չինգիզ Մուսթաֆաևին: Այս զեղծարարությունը մի խումբ կամավորների կողմից բացահայտվել է և առանձին ինտերնետային կայքում http://xocali.net/ ներկայացվել է հանրությանը:
Իր հերթին չեխ լրագրող Դանա Մազալովան, ով բարեկամական կապերի մեջ էր Չինգիզ Մուսթաֆաևի հետ, հայտարարել է http://panorama.am/am/society/2010/03/10/dana-mazalova/, որ վերջինիս բնակարանում ծանոթացել է նրա նկարահանումներին և Բաքվի կողմից շրջանառվող տեսանյութերը դրանց հետ որևէ առնչություն չունեն: «Այդ կադրերից հետո Չինգիզը սեփական երկրում վախենում էր շրջել առանց զրհաբաճկոնի»,- նշել էր նա:
Աղդամի շրջանում իր նկարահանումներից մի քանի ամիս անց` 1992 թվականի հունիսին, Չինգիզ Մուսթաֆաևը մահանում է: Այդ ժամանակվանից ի վեր հնարավոր չէ պարզել նրա տեսանկարահանած նյութերի տեղը: Այդ հարցում հետևողականություն ցուցաբերած անձինք Ադրբեջանում հալածանքների են ենթարկվում, իսկ Չինգիզի իրական կադրերին ծանոթ ադրբեջանցիները նախընտրում են այդ մասին չխոսել:
Ամերիկայի Հայկական Համագումարի նախաձեռնությունը կոչված է կանխելու Ադրբեջանի կողմից Չինգիզ Մուսթաֆաևի հիշատակին նվիրված հաղորդումը հակահայկական քարոզչության վերածելու փորձը: Այս նպատակի համար Համագումարից կոչ է արվում բոլորին` աջակցել և անհրաժեշտ բովանդակությամբ http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 բողոքի նամակ ուղարկել CNN-ի ղեկավարությանը: