27/08/2010 12:28
Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը ձախողումներ է ապրում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց ադրբեջանական և հայկական տեղեկատվական դաշտում Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաներին վերաբերող հայ-ռուսական արձանագրության արձագանքների շուրջ և նշեց, որ ադրբեջանական հասարակության որոշակի շերտերում նկատվում է սեփական արտաքին քաղաքականության նկատմամբ թերահավատություն:
«Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը վերջերս ձախողումներ է ապրում»,- շեշտեց բանախոսը, հավելելով, որ խոսքը գնում է և Ադրբեջան-Իրան, և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին:
Ըստ նրա` անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները «այնքան էլ չեն բավարարում Բաքվին»` չնայած Ա. Գյուլի վերջերս Ադրբեջան կատարած այցին:
Ինչ վերաբերում է ադրբեջնական մամուլին, ապա ըստ Գ. Հարությունյանի, ադրբեջանական ԶԼՄ-ները, լինելով ղեկավարվող կառույց, «զուսպ են» և կարծես սպասում են Դ. Մեդվեդևի այցին:
Բանախոսը խոսեց նաև հայկական մամուլի արձագանքների վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում Ռուսաստանի կերպարը, իմիջը բավական բացահայտված չէ, «շատերս մնում ենք Խորհրդային միություն, կայսերական հարաբերությունների միֆերի ազդեցության տակ»:
«Ռուսաստանի իմիջը հայկական ԶԼՄ-ներում բացահայտման կարիք ունի»,- շեշտեց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: