30/08/2010 12:24
Աբբաս. Ձախողման համար Իսրայելը պատասխանատվություն կկրի
Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում իսրայելական բնակավայրերի շինարարության վերաբերյալ Պաղեստինի ղեկավարության դիրքորոշումը մնացել է անփոփոխ. շինարարությունը օրինական չէ, և Իսրայելը, եթե շարունակի բնակեցման քաղաքականությունը, պաղեստինաիսրայելական բանակցությունների տապալման համար պատասխանատվություն կկրի: ՌԻԱ-Նովոստի գործակալության տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:
«Մեր վերաբերմունքը բնակավայրերի, նրանց օրինականության և ընդլայնման վերաբերյալ չի փոփոխվել: Ես պետք է այսօր պարզ և բաց ասեմ, որ նախքան բանակցություններին մասնակցելու համաձայնությունը մենք տեղեկացրել ենք բոլոր կողմերին, այդ թվում` ամերիկացի միջնորդին, որ Իսրայելի կառավարությունը պատասխանատվություն կկրի բանակցությունների տապալման համար, եթե շարունակի 1967 թվականից գրաված բոլոր պաղեստինյան հողերում ցանկացած ձևերով բնակավայրերի հետագա ընդլայնումը»,- ասել է նա: