30/08/2010 15:45
Գ.Ալավերդյան. Աշնանը կարտոֆիլի գները կնվազեն
Գյուղատնտեսության ոլորտում ունենք 23 տոկոսի անկում` հիմնականում բուսաբուծության ոլորտում, իսկ կենդանական ծագում ունեցող գյուղմթերքների արտադրության ոլորտում գրանցվել է աճ: Այսօր ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ով նշեց նաև, որ մսի իրացման խնդիրները պակասել են:
Նախարարը նշեց, որ բնակլիմայական պայմաններով պայմանավորված գյուղմթերքների նվազում գրանցվել է նաև պտղի ոլորտում. այս տարի կլինի 60-70 հազար տոննա պտուղ` անցյալ տարվա 161 հազար տոննայի դիմաց:
«Այս տարի պտղի, բանջարեղենի արտադության ծավալները խիստ ավելի պակաս են, քան անցյալ տարի»,- շեշտեց Գ. Ալավերդյանը և փաստեց, որ տարին կփակվի կենդանական ծագման արտադրատեսակների որոշակի աճով, իսկ բուսաբուծությունը դարձյալ որոշակի նվազում կգրանցի:
Ինչ վերաբերում է կարտոֆիլի բարձր գներին, Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ անցյալ տարի արտադրողները խնդիրներ են ունեցել կարտոֆիլի իրացման հետ, իսկ այս տարի իրացման խնդիրները լուծված են` կարտոֆիլը արտահանվում է Վրաստան, Իրան և այլ երկրներ:
Գ. Ալավերդյանը հույս հայտնեց, որ աշնանը կարտոֆիլի գները կնվազեն, քանի որ «28-30 հազար հա վրա կարտոֆիլ է ցանված և սպասվում է կարտոֆիլի լավ բերք` 500 հազար տոննա»: