30/08/2010 13:48
Հայաստանում սկսվում է ցորենի սերմնաբուծության ծրագիրը
Այսօր Հայաստանում մեկնարկած է ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը և Ռուսաստանի Դաշնությունից 950 տ «էլիտա» սերմացուն սեպտեմբերին կլինի Հայաստանում, ևս 500 տոննա ցորենի սերմ կգնվի տեղական արտադրողներից, և կսկսվեն սերմանաբուծության առաջին տարվա ծրագրերը: Այսօր ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մարզպետարանները նախարարությանն են ներկայացրել այն տարածքները, որտեղ պետք է իրականացվի սերմնաբուծությունը և դրա համար այս օրերին Շիրակի մարզում են գտնվում մի խումբ մասնագետներ` ստուգելու հողատարածքները:
«Այն հողերը, որոնք պիտանի կլինեն, կօգտագործվեն սերմարտադրության համար: Հողը պետք է բերրի լինի, վարակված չլինի, որպեսզի հաջորդ տարի կարողանանք ստանալ առաջին վերարտադրության մաքուր սերմ և տալ գյուղացիներին»,- ընդգծեց Գ. Ալավերդյանը և հավելեց, որ այդ նույն գործընթացը տեղի է ունենալու Հայաստանի բոլոր մարզերում:
Ըստ նախարարի` մարզպետարանները ներկայացրել են 18 հազ հա-ի հայտ, որից սերմացու է տրվելու 5000 հա-ի, սերմ է տրամադրվելու 3000 հա և ավելի հողատարածք ունեցող ֆերմերների և սերմը վերադարձվելու է 1-ը 2-ի հարաբերությամբ, որը հաջորդ տարի նույն սկզբունքով կրկին բաժանվելու է գյուղացիներին: