30/08/2010 14:14
Կայունության խաթարման առաջին աղբյուրը Ադրբեջանը կարող է լինել
«Նախ` ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները ևս Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության մի հատվածն են, և ես չէի պատկերացնի, եթե Լավրովը հայտարարեր, թե «այո’, մենք պատրաստ ենք Հայաստանին զինել նոր սպառազինությամբ, որպեսզի հնարավոր լինի ադրբեջանական ագրեսիային դիմակայել», բնականաբար, այդպես չէր կարող ասել»,- հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` ի պատասխան Aysor-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների գործունեության վերաբերյալ նոր արձանագրության ստորագրմամբ որևէ փոփոխություն գործառույթներում չի գրանցվել:
Ա. Զաքարյանի խոսքերով` «Ս. Լավրովի հայտարարության մեջ հստակ նշվում է, և ենթատեքստը խիստ հասկանալի է, որ Ռուսաստանի գլխավոր դերակատարությունը Հարավային Կովկասում և այդ պայմանագրով ևս` կայունության ապահովման խնդիր է»:
«Իսկ այսօր տարածաշրջանում շահեր հետապնդող և քաղաքական գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներն էլ հասկանում են, որ կայունության խաթարման առաջին աղբյուրը Ադրբեջանը կարող է լինել»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:
Անդրադառնալով պայմանագրի «սկզբունքային փոփոխություններին»` պատգամավորը թվարկեց. «Դրանք Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրերն են` զուգահեռ Ռուսաստանի շահերին, դրանք Հայաստանի զինված ուժերին սպառազինության և զենքի ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրներն են և, բնականաբար, դրանք հայ-ռուսական համագործակցության շրջանակների խորացման խնդիրներն են, որոնք հնարավորություն են տալիս հարաբերությունները կառուցել ու երկարաժամկետ ծրագրեր իրականացնել նաև այլ ոլորտներում»:
Ինչ վերաբերում հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման պայմաններում Ռուսաստանը կմիջամտի, պատգամավորը նշեց, որ «Ռուսաստանի համար Ղարաբաղյան պատերազմի սկսումը կարող է ընկալվել խաղաղության խաթարում»:
«Ակնհայտ է, որ եթե այդ խաթարումը ՀՀ սահմաններում խնդիր առաջացնի, գործող պայմանագրի շրջանակներում, կարծում եմ, որ Ռուսաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի»- ամփոփելով իր խոսքը` շեշտեց Ա. Զաքարյանը: