30/08/2010 09:22
Շառլ Ազնավուրի պատվին Պամիրում բարձունք են անվանել
Լեռնագնաց Սերգեյ Ղայֆաջյանը, ով բնակվում է Ուկրաինայում, Պամիրում հաղթահարել է 5 250 մետր բարձունքը և անվանել այն հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին: Մինչ այս, ինչպես հաղորդում է «Երկրամաս» պարբերականը, այնտեղ մարդու ոտք չէր դիպչել:
«Օգոստոսի 25-ին բարձունքը հաղթահարած Ղայֆաջյանը, օգտվելով իր` առաջինը հաղթահարողի իրավունքից, անվանել է գագաթը Շառլ Ազնավուրի անունով, ամենաբարձր կետի վրա տեղադրելով հռչակավոր ֆրանսահայ շանսոնյեի դիմանկարով հուշավահանակ», - ասված է հաղորդագրության տեքստում:
Նշենք, որ Պամիրում ևս մեկ հայկական անվանում ունեցող բարձունք կա, որը կրկին հաղթահարել է Սերգեյ Ղայֆաջյանը: Դա 5 495 մետր բարձրության վրա գտնվող «Հայաստանն» է: «Հայաստան» բարձունքը Ղայֆաջյանը հաղթահարել է 2004 թվականին: