30/08/2010 12:03
Ս.Սարգսյան. Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի թիվ 11 դպրոց այցելության ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նորանոր բանաձևեր առաջ քաշելու քաղաքականությանը:
«Այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են»,- ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ`ասել է երկրի ղեկավարը:
Նա վստահություն է հայտնել, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: «Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,- նշել է նախագահ Սարգսյանը:
«Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»,- ասել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախ է ժամանել օգոստոսի 28-ին: Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ: