30/08/2010 15:51
Ս-300-ի վաճառքը մեր մարտունակությանը չի խանգարում
Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի վերաբերյալ համաձայանգրի ժամկետների հետաձգումը նպատակահարմար էր Ադրբեջանի ակտիվացած ռազմատենչ հայտարարությունների և այդ երկրի ռազմական բյուջեի մեծացման պայմաններում, գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա կարևորեց փաստաթղթի նոր տարբերակում տեղ գտած տերմինաբանական փոփոխությունները, որոնց համաձայն Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումները միտված են պաշտպանելու ՀՀ ամբողջ տարածքը: «Այս պայմաններում նման փաստաթղթի ստորագրումը զսպող դերակատարում կարող է ունենալ»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Ադրբեջանին Ս-300 հրթիռային կայանքների հնարավոր վաճառքի մասին լուրերին, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ «մինչ այսօր պաշտպանական համալիրի արտադրություն և վաճառք իրականացնող ռուսական այդ ընկերությունը հանդես չի եկել Ադրբեջանին զենքի վաճառքի մասին պաշտոնական հայտարարությամբ»: Բանախոսն ասաց, որ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից նման զենքի վաճառքը դավաճանություն չի համարում, նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններից դուրս գոյություն ունեն ռուս-ադրբեջանական հարաբերություններ:
«Մեր անվտանգության, մեր մարտունակության առումով դա մեզ չի խանգարում: Ռուսաստանը Ադրբեջանին ինչ կվաճառի, կամ ինչ չի վաճառի, դա արդեն մեր խնդիրը չէ»,- ասաց Հ.Սահակյանը, և հավելեց. «Մենք չենք կարող մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցել այդ Ս-300-ի վաճառքի հիման վրա»:
Պատգամավորը նաև վստահեցրեց, որ դիվանագիտական խողովակներով փորձ է արվում ազդել այդ զինատեսակի հնարավոր վաճառքի գործընթացի վրա:
«Մենք դեմ ենք դրան, մեզ համար ցանակալի չէ: Պարզ է, որ դրա վերաբերյալ դիվանագիտական խողովականերով դեմ գնահատականներ արտահայտվում են»,- եզրափակեց նա: